Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.09.2019
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ
Այսօր` սեպտեմբերի 2–ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»–ի բացման պաշտոնական արարողությունը։
Տարածաշրջանային դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Վիեննայում ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիամ Ամատունին, ինչպես նաև ֆրանսիացի դասախոսներ Ալեն Սարկիսյանը և Մուստաֆա Մեֆթահը։
Սեպտեմբերի 2–ին դասախոսություններով հանդես եկան ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և գիտքարտուղար Ելենա Նիկողոսյանը։
Նշենք, որ դպրոցը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6–ը (https://www.bao.am/meetings/meetings/SST/)։ Այն նպատակ ունի մեկ ոլորտի շուրջ համախմբել սկսնակ աստղագետների, ինժեներների և մի շարք այլ մասնագետների, նպաստել նրանց գիտական առաջընթացին, ստեղծել հաղորդակցվելու տիրույթ և մեծացնել օտար մասնագետների ներգրավվածությունը տարածաշրջանում:
Դպրոցի թեմաներն են՝
- տիեզերական աստղագիտություն՝ տիեզերական աստղադիտարաններ, տիեզերական տվյալներ և շտեմարաններ,
- տիեզերական վտանգներ՝ աստղակերպեր և երկնաքարեր,
- տիեզերական թռիչքներ, տիեզերագնացություն,
- տիեզերական անվտանգություն և պաշտպանություն,
- տիեզերական տրանսպորտ,
- հաղորդակցություն՝ համացանց, հեռախոսային կապ, հեռուստատեսություն և այլն,
- տիեզերական աղբ և տիեզերական տարածության էկոլոգիա,
- տիեզերական սարքավորումներ և տեխնոլոգիաներ,
- տիեզերական կլիմա,
- Երկրի դիտումներ և հեռազննում։
Դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:
Մելինե Ասրյան
![](images/077_1.jpg)
![](images/077_2.jpg)
![](images/077_3.jpg)