Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.04.2022
ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է 2022Թ․ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Օրերս ՀՀ գիտության կոմիտեն հաստատեց 2022թ․ գիտական միջոցառումների և երիտասարդական դպրոցների ցանկը։
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել էր 2 հայտ՝ «Տիեզերական հետազոտություններ և տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային գիտաժողով և 8-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոց (8BISS), որոնք երկուսն էլ հաստատվել են։
Նախ՝ սեպտեմբերի 12-16-ին, տեղի կունենա 8BISS դպրոցը։ Այնպես որ Հայաստան ժամանած դպրոցի մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու նաև սեպտեմբերի 19-23-ին կայանալիք միջազգային գիտաժողովին:
Բյուրականյան միջազգային դպրոցների շարքը հիմնադրվել է 2006թ-ին և մինչ օրս էլ համարվում է աշխարհի աստղագիտական կարևորագույն դպրոցներից մեկը։ 2010թ-ին դպրոցը համատեղվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) երիտասարդ աստղագետների դպրոցի (ISYA) հետ։
«Տիեզերական հետազոտություններ և տեխնոլոգիաներ» թեման միշտ էլ աստղադիտարանի ուշադրության կենտրոնում է եղել։ 2019թ-ին Բյուրականում անցկացվել է այս թեմայով տարածաշրջանային դպրոց, որին ներկա էին ոլորտի մի շարք դասախոս մասնագետներ և տարածաշրջանային երկրների ուսանողներ և երիտասարդ գիտնականներ։
Նման գիտական միջոցառումները կարևոր դերակատարում ունեն մեկ ոլորտի շուրջ մասնագետներին համախմբելու և հաղորդակցության տիրույթ ստեղծելու հարցում, ինչն էլ իր հերթին նպաստում է գիտական փորձի փոխանակմանն ու գիտության զարգացմանը։
Մելինե Ասրյան