Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.09.2020
ԱՎԱՐՏՎԵՑ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավարտվեց «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը» (7BISS), որը կրում էր «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը (https://www.bao.am//meetings/meetings/SS2020/index.html)։ Այս տարի համավարակի պատճառով դպրոցն անցկացվում էր առցանց։
Դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցեցին 50 երիտասարդ աստղագետ և ուսանող և 12 դասախոս 21 երկրներից։ Բացի այդ, հնարավոր եղավ որոշակիորեն ապահովել նաև հանրության մասնակցությունը։
Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու հայտնի մասնագետների դասախոսությունները և մասնակցելու նրանց գործնական դասերին, որոնք վերաբերում էին աստղագիտական շրջահայություններին, զանազան աստզաֆիզիկական թեմաներին, աստղագիտական տվյալների թվայնացմանը, աստղավիճակագրությանը, աստղաինֆորմատիկային, վիրտուալ աստղադիտարաններին և այլն։ Հայտնի դասախոսների թվում էին Միջազգային աստղագիտական միության (IAU) փոխնախագահ Աջիթ Քեմբհավին (Հնդկաստան), աստղաինֆորմատիկայի համահիմնադիր Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) նախագահ Չենժոու Կուին (Չինաստան) և այլք:
Ամառային դպրոցի փակմանը հայտնի դարձան նաև այն 3 մասնակիցների անունները, ովքեր առանձնացել էին իրենց ներածական ելույթներով։ Նրանք են՝ Մարտա Օբոլենցեվան՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից (Ռուսաստան), Մարիա Բաբախանյան Ստոնը՝ Տուրկուի համալսարանից (Ֆինլանդիա) և Վանեսա Ռամիրեսը՝ Լայդենի համալսարանից (Նիդերլանդներ): Նշենք, որ հաղթողներն ընտրվել են դասախոսների և մյուս մասնակիցների քվեարկության արդյունքում։
Բոլոր ելույթները, ներառյալ վերոնշյալ երեքը, հասանելի են համացանցում` https://www.bao.am//meetings/meetings/SS2020/programme.html։
Բյուրականյան ամառային դպրոցը ևս մեկ անգամ ապացուցեց աստղագիտության կարևորությունը տվյալների գիտության (Data Science) և էլեկտրոնային գիտության (e-Science) զարգացման գործում։
Մելինե Ասրյան