Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.12.2019
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԵՏ ԷԼՄԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է հայտնի հայ կին աստղագետ Էլմա Պարսամյանի 90-ամյակը։ Էլմա Պարսամյանը մեծ ավանդ ունի Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացման և ապագա կադրերի պատրաստման գործում։ Լինելով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի գիտաշխատող ԲԱ հիմնադրման վաղ շրջանից՝ նա աշխատել է մեծանուն աստղագետների՝ այդ թվում և Վ․ Համբարձումյանի հետ։
Էլմա Պարսամյանը բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Նա հայտնաբերել է քառասունից ավելի նոր գիսավորաձև միգամածություններ, որոնց մի մասն այսօր կոչվում են իր անունով, կազմել է դրանց առաջին կատալոգը և կատարել նոր դասակարգում: Է. Պարսամյանը Մ.Ղազարյանի հետ հայտնաբերել է 8 նոր մոլորակաձև միգամածություններ, որոնցից KjPn8-ը մեծ հետաքրքրություն ներկայացնող եզակի օբյեկտ է: Բացի այդ Է. Պարսամյանն ակտիվորեն մասնակցել է բռնկվող աստղերի դիտումներին՝ հայտնաբերելով ավելի քան 100 բռնկվող աստղ և 200-ից ավելի բռնկում Բազումքի, Օրիոնի և NGG 7023-ի բռնկվող աստղերի համակարգերում։
Է. Պարսամյանը հայտնի է նաև Քարահունջի (Զորաց քարեր)՝ որպես աստղադիտարանի բացահայտման և դրա շուրջ կատարած հետազոտություններով։ Փայլուն աստղագետ լինելուց զատ Էլմա Պարսամյանը նաև մեծ հայրենասեր է։ Կից հոլովակում կարող եք տեսնել, թե ինչ գնահատական է նա տալիս իր իսկ կատարած աշխատանքին։
Սիրով շնորհավորում ենք Էլմա Պարսամյանին 90-ամյակի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն։
Ճանաչե՛նք մեր կողքին ապրող մեծերին։
Մելինե Ասրյան