Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.03.2019
ՌՈՒԲԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ՝ 70
Օրերս լրացավ Բյուրականի աստղադիտարանի առավել ակտիվ աստղագետներից մեկի՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանի 70-ամյակը:
Ռուբեն Անդրեասյանը ծնվել է 1949թ. մարտի 27-ին Երևանում: 1972թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): 1974թ-ից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)՝ սկզբում որպես ավագ լաբորանտ և կրտսեր գիտաշխատող: 1977-1980թթ. սովորել է ասպիրանտուրայում, իսկ 1985թ-ին ԲԱ-ում պրոֆեսոր Մ. Ա. Մնացականյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1990թ-ից նա ԲԱ ավագ գիտաշխատող է, իսկ 2001-2004թթ. զբաղեցրել է նաև գիտական քարտուղարի պաշտոնը: 2017թ-ից ղեկավարում է ԲԱ «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժինը:
Անդրեասյանի գիտական հետազոտության հիմնական ուղղություններն են ռադիոգալակտիկաները, գալակտիկական մագնիսական դաշտերը, պուլսարները (բաբախիչները): Նրա կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել՝
- Մեր գալակտիկայի մագնիսական դաշտի կառուցվածքի ուսումնասիրությունը: Գալակտիկական մագնիսական դաշտի երկակի կառուցվածքի գաղափարի առաջադրումը, պարուրաթևերի ուղղությամբ դրա կառուցվածքի ուսումնասիրությունը:
- Պուլսարների ռադիոլուսատվության որոշումը և միջաստղային էլեկտրոնների խտության բաշխումը՝ հիմնվելով պուլսարների պարբերությունների և դրանց ժամանակային փոփոխությունների վրա: Որոշվել են պուլսարների անկախ հեռավորությունները և միջին էլեկտրոնային խտությունը պուլսարների ուղղությամբ՝ հիմնվելով լույսի դիսպերսիայի չափի վրա: Ցույց է տրվել, որ առավելագույն բաշխումն ընկած է Աղեղնավորի պարուրաթևի մոտակայքում:
- Արտագալակտիկական ռադիոաղբյուրների մագնիսական դաշտերի ուսումնասիրությունը, մագնիսական դաշտերի և մեծ կիսաառանցքների ուղղությունների միջև կոռելյացիայի դուրսբերումը, մագնիսական դիպոլային դաշտի կազմավորման մեխանիզմները և այլն:
- Տարածված արտագալակտիկական ռադիոաղբյուրների հետազոտությունը:
Անդրեասյանը հրապարակել է ավելի քան 65 գիտական հոդված «Աստղաֆիզիկա», «Աստղաֆիզիկա և տիեզերական գիտություն», «Աստղագիտական և աստղաֆիզիկական աշխատություններ», «Բյուրականի աստադիտարանի հաղորդումներ» և այլ ամսագրերում, ինչպես նաև որոշ միջազգային գիտաժողովների հանդեսներում: Նա մասնակցել է մի շարք կարևոր միջազգային գիտաժողովների, այդ թվում Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2000թ-ին Մանչեսթերում կայացած XXIV Գլխավոր ասամբլեային և 2012թ-ին Պեկինում կայացած XXVIII Գլխավոր ասամբլեային, ինչպես նաև ՄԱՄ այլ գիտաժողովների և Եվրոպական աստղագիտական համագումարների (JENAM)։
2004թ-ին Ռ. Անդրեասյանն արժանացել է ANSEF դրամաշնորհի իր՝ պուլսարների ռադիոլուսատվության և միջաստղային էլեկտրոնների խտության բաշխման մասին հետազոտությունների համար, իսկ 2005թ-ին` Մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի եռաչափ կառուցվածքի ուսումնասիրության, տարբեր տեսակի ռադիոգալակտիկաների ֆիզիկական և ձևաբանական տարբերությունների ուսումնասիրության համար:
2001-2004թթ. եղել է INTAS GRANT-ի հայաստանյան թիմի ղեկավար, 2002թ.-ին ստացել է ՆԱՏՕ-ի համագործակցական կապի դրամաշնորհ: Նա ակտիվորեն մասնակցել է հայ-ֆրանսիական համագործակցությանը (PICS և Jumelage), դասախոսել է ԵՊՀ-ում և ղեկավարել է մի շարք մագիստրոսական և ասպիրանտական աշխատանքներ: 1999թ-ից Անդրեասյանն անդամակցում է Եվրոպական աստղագիտական ընկերությանն ու Հայկական աստղագիտական ընկերությանը:
Սիրով շնորհավորում ենք Ռ. Անդրեասյանին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:
Մելինե Ասրյան