Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.02.2021
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) հրավիրվել էր մամուլի ասուլիս` նվիրված ԲԱ 75-ամյակին։ Բանախոսն էր ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։
Ասուլիսն ուներ բավականին հագեցած օրակարգ։ Նախ Ա․ Միքայելյանը լրագրողներին ներկայացրեց ԲԱ գործունեությունը 2020թ-ի ընթացքում՝ համավարակի և պատերազմի պայմաններում, ապա անդրադարձավ ԲԱ ներկայիս գիտական և գիտակազմակերպական գործունեությանը, 2021թ․ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին և, իհարկե, խոսեց ԲԱ 75-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Ասուլիսի ավարտին լրագրողները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը։
Ասուլիսի ավարտին կայացավ ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակների հանձնումը։ ԲԱ-ն, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, 2009թ-ից ի վեր ամեն տարի կազմակերպում է ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցանակներ տրվեցին 3 անվանակարգում։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգի մրցանակը ստացավ Վահրամ Հովհաննիսյանը (regst.net), լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգը՝ Ռուզաննա Մկրտչյանը (Ա1+ ՀԸ)։ Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակը շնորհվեց Զավեն Պետրոսյանին («Կրթություն» շաբաթաթերթ, artiknews)։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված էր նաև դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։
ԲԱ-ի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ աստղադիտարանի գիտաշխատող Դանիել Բաղդասարյանին և անվտանգության ծառայության աշխատակից Պողոս Բավոյանին:
Մրցանակաբաշխությունից հետո ասուլիսի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և ԲԱ խոշորագույն՝ 2․6մ աստղադիտակ։
Մելինե Ասրյան