Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.02.2021
ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Ս․թ․ փետրվարի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965թ․), Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը (1944թ․) և Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ):
Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող վերոնշյալ տապանատունը ստեղծվել է 1965թ-ին, երբ այստեղ ամփոփվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր՝ բանասեր, Հոմերոսի պոեմների հայ թարգմանիչ Համազասպ Ասատուրի Համբարձումյանի աճյունը։ Այժմ այստեղ են հանգչում ինչպես Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի անդամների, այնպես էլ հայ գիտության և մշակույթի նշանավոր այլ գործիչների աճյունները ևս:
Ամեն տարի սեպտեմբերի 18-ին՝ հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրը, որը Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելում են Համբարձումյանի շիրիմ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Այսուհետ այդ շիրիմն արդեն որպես հուշարձան պաշտոնական կարգավիճակ կունենա։
Մելինե Ասրյան