Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.01.2021
«ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԸ».
ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԸ
Օրերս լայն տարածում գտավ այն լուրը, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երկրի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կրել է «Մարգարյան» բրենդի զգեստ։ Ինչպես պարզ դարձավ, բրենդի հիմնադիր, դիզայներ Ալեքսանդրա Օ՛Նիլն այն այդպես էր կոչել Մարգարյանի գալակտիկաների անունով՝ երկնային ռոմանտիկայի հանդեպ սիրուց ելնելով։
Մինչ աշխարհը հետաքրքրվում է բրենդով, կարծում ենք՝ սա ևս մեկ առիթ է՝ հիշելու մեր հռչակավոր մեծերին։
Բենիամին Մարգարյանը (1913-1985թթ․), ում պատվին էլ կոչվում են վերոնշյալ գալակտիկաները, Վիկտոր Համբարձումյանից հետո թերևս հայ աստղագիտության ամենախոշոր դեմքն է: Շատ քիչ աստղագետներ կարող են համեմատվել Բ․ Մարգարյանի հետ դիտողական աստղագիտության մեջ կատարած իրենց ներդրումով:
Մարգարյանի շրջահայությունը և Մարգարյանի գալակտիկաներն ունեն համաշխարհային ճանաչում։ Մինչ օրս էլ աշխարհի շատ աստղագետներ ու աստղադիտարաններ աշխատում են Մարգարյանի գալակտիկաների ուսումնասիրության ուղղությամբ:
Մարգարյանի գիտական աշխատանքները վերաբերում են աստղերի, աստղակույտերի և գալակտիկաների ֆիզիկային: Նա մասնակցել է աստղերի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների տեսության մշակմանը` հաշվի առնելով միջաստղային կլանումը: Դիտողական տվյալների հիման վրա հաստատել է, որ աստղասփյուռներն ընդարձակվում են: Մշակել է աստղակույտերի նոր դասակարգում և 1952-ին պատրաստել ու հրատարակել է «Տարբեր տիպի աստղակույտերի ատլաս»: 1963-ին հայտաբերել է իրենց սպեկտրալ դասի նկատմամբ անսովոր գույն ունեցող 73 գալակտիկա: Մշակել է հատուկ մեթոդ (գերմանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկաներ ընտրելու համար), որի հիման վրա 1965-1980թթ-ին Բյուրականի աստղադիտարանում իրականացվել է Երկնքի սպեկտրալ շրջահայություն: Հայտնաբերել է հատուկ դասի 1500 օբյեկտ, որոնք կոչվում են իր անվամբ (Մարգարյանի գալակտիկաներ կամ գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ): 1968-ից կատարվեցին այդ գալակտիկաների սպեկտրալ դիտումներ ԽՍՀՄ և ԱՄՆ խոշոր դիտակներով, և նրանց մեջ հայտաբերվեցին մեծ թվով ակտիվ գալակտիկաներ` ըստ էության փոխելով մեր պատկերացումները Տիեզերքի բնակչության և գալակտիկաների ակտիվության վերաբերյալ: Ավելի ուշ` 1974-1991թթ-ին նույնպես, Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվեց Բյուրականյան երկրորդ շրջահայությունը, որում հայտնաբերվեցին մեծ թվով քվազարներ և այլ ակտիվ գալակտիկական միջուկներ:
Մելինե Ասրյան