Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.01.2021
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲՅԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ
Օրեր առաջ լրացել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նախկին 2 աշխատակիցների՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուներ Ղազար Գասպարյանի և Աշոտ Ղարիբջանյանի 75-ամյակը։
Ղազար Գասպարյանը ծնվել է 1946թ․-ի հունվարի 1-ին Երևանում։ 1963-1968թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1971թ․-ին Երևանում Բյուրականի աստղադիտարանի մասնաճյուղում եղել է լաբորանտ, 1972թ․-ին ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտ, իսկ 1973թ․-ին՝ ԲԱ տիեզերական աստղագիտության մասնաճյուղի կրտսեր գիտաշխատակից։ 1973-1977 թթ․ Ղ․ Գասպարյանը «ԱՍՏՐՈ» ԳԱՕՄՄ-ի կրտսեր գիտաշխատակից էր, իսկ արդեն 1977-1978թթ․՝ ավագ գիտաշխատակից։ 1977թ-ին Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանելով «Օրիոնում բռնկվող և Hα առաքումով աստղերի UBV լուսաչափություն» թեմայով թեզը՝ ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978-1979թթ․ նա եղել է «Գրանիտ» ՀԿԲ-ի ավագ գիտաշխատակից։ Ղ․ Գասպարյանը ԲԱ-ում սկսել է աշխատել 1979թ-ից՝ որպես «Աստղերի և միգամածությունների ֆիզիկա» գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատակից։ 1989-1994թթ․ նա ԲԱ գիտական քարտուղարն էր։ ԲԱ-ում աշխատել է մինչև 2003թ․, որից հետո մեկնել է Ռուսաստան։
Աշոտ Ղարիբջանյանը ծնվել է 1946թ-ի հունվարի 1-ին Երևանում։ 1964-1972թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում աստղաֆիզիկա մասնագիտությամբ։ ԲԱ-ում է աշխատել 1969-1996թթ սկզբում որպես «Աստղերի և միգամածությունների ֆիզիկա» գիտահետազոտական բաժնի լաբորանտ, 1972թ-ից՝ ավագ լաբորանտ, 1973թ-ից՝ կրտսեր գիտաշխատակից, 1986թ-ից՝ գիտաշխատակից, իսկ 1992թ-ին նշանակվել է թեմայի ղեկավար։ 1984թ-ին պրոֆ․ Օլեգ Մելնիկովի ղեկավարությամբ պաշտպանելով «Որոշ OB աստղասփյուռների ուղղությամբ ջերմ աստղերի և կլանող նյութի բաշխումը» թեմայով թեզը՝ ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան։ ԲԱ-ում աշխատել է մինչև 1996թ․, որից հետո մեկնել է ԱՄՆ։
Մելինե Ասրյան