Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.01.2021
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՄ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՌԱՄՍՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 14-ին տեղի ունեցավ ՄԱՄ-ի Աստղագիտության զարգացման կենտրոնի (OAD) և 11 տարածաշրջանային կենտրոնների (ROAD) ներկայացուցիչների եռամսյա խորհրդակցությունը, որի ընթացքում կատարվեց կենտրոնների եռամսյա գործունեության ամփոփումը։
ՄԱՄ-ը համակարգում է աստղագիտության զարգացումը 11 տարածաշրջանային և լեզվի կենտրոնների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա): Նշենք, որ վերոնշյալներից Եվրոպան և Ամերիկան վերջին տարիներին են միացել կենտրոնին։
Հայաստանը՝ ի դեմս Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), հանդիսանում է ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Չնայած համավարակի կողմից ստեղծված դժվարություններին՝ ԲԱ-ն կարողացել է ակտիվորեն մասնակցել միջազգային տարբեր գիտական միջոցառումների, այդ թվում՝ «Կրթությունն ու ժառանգությունն աստղագիտության մեջ Մեծ տվյալների դարաշրջանում» խորագիրը կրող ՄԱՄ №367 գիտաժողովին, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) և Մոլորակային տվյալների միջազգային ալյանսի (IPDA) ժողովներին, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ՄԱՄ համաժողովին և այլն։
Մելինե Ասրյան