NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.01.2021


«ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ»
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում այսօր նշում ենք այսպես կոչված «Հին նոր տարին»:

Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է կապված: Հասկանալու համար անդրադարձ կատարենք պատմությանը։

Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի` տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրի, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջ Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն՝ 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր: 16-րդ դարում կուտակվել էր 10 օրվա տարբերություն, և այն արդեն նկատելի էր դարձել: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Հռոմի Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի՝ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ ունենալ ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97՝ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Սկզբում՝ 1582-ի հոկտեմբերին, օրացույցն առաջ տալով 10 օրով (այդ տարի հոկտեմբերի 5-14 օրերը չեն եղել, սակայն շաբաթվա օրերը չեն խախտվել, և հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան, հաջորդել է ուրբաթը՝ հոկտեմբերի 15-ը)՝ Գրիգորյան տոմարն ընդունվեց Հռոմեական կայսրությունում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հոլանդիայում, այնուհետև՝ 18-րդ դարի ընթացքում, համարյա ամբողջ Արևմտյան Եվրոպայում:

Երբ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո 1918-ին նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի):

Նույնը կատարվեց Խորհրդային Հայաստանում արդեն 1920թ.: Այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ 2100 թվից հետո կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում` հետևելով Խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև «Հին նոր տարին» (Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի): Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 12-ին:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան