Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.01.2021
ԱՐՍԵՆ ՔԱԼԼՕՂԼՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
Այսօր կլրանար աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատող, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու Արսեն Տիգրանի Քալլօղլյանի ծննդյան 90-ամյակը:
Ա. Քալլօղլյանը ծնվել է 1931թ-ի հունվարի 10-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 15 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան: Ուսումը շարունակելով Հայաստանում՝ նա 1948թ-ին ընդունվել և 1953թ-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի անցել ԲԱ-ում: 1955թ-ից Քալլօղլյանը Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ սովորել է ասպիրանտուրայում և պաշտպանել իր թեկնածուական թեզը 1959թ-ին։ 1967-ից ԲԱ ավագ գիտաշխատող էր։
Ա․ Քալլօղլյանի գիտական աշխատանքների ոլորտներն ընդգրկում են հիմնականում արտագալակտիկական աստղագիտությանն առնչվող խնդիրները։ Համագործակցելով տարբեր երկրների մասնագետների հետ՝ նա հրապարակել է ավելի քան 130 գիտական աշխատանք՝ նվիրված ձողիկավոր պարույրաձև գալակտիկաներին, գալակտիկաների խմբերին և կույտերին և այլ թեմաների։ Ի դեպ նա առաջինն էր, ով զբաղվել է ձողիկավոր պարույրաձև գալակտիկաների մանրամասն ուսումնասիրությամբ։ Քալլօղլյանի աշխատանքների մի զգալի մաս վերաբերում էր Մարգարյանի գալակտիկաների ձևաբանական ու լուսաչափական հատկությունների ուսումնասիրությանը: Աշխատանքերի մեծ մասը Ա․ Քալլօղլյանն իրականացրել և տպագրել է Հայաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Վրաստանի գիտնականների համահեղինակությամբ։
Ա․ Քալլօղլյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, 1970թ-ից), Հայկական աստղագիտական ընկերության (հիմնադիր) և ԲԱ գիտական խորհրդի անդամ։ Նա երկար տարիներ՝ շուրջ 40 տարի, եղել է «Աստղաֆիզիկա» հանդեսի պատասխանատու քարտուղարը։
Ա․ Քալլօղլյանը վախճանվել է 2016թ․ ապրիլի 3-ին Երևանում։
Մելինե Ասրյան