Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.12.2020
ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020թ. ԾՐԱԳԻՐԸ
![](images/186.jpg)
Երեկ` դեկտեմբերի 16-ին, ամփոփեցինք Հայկական աստղագիտական ընկերության և Բյուրականի աստղադիտարանի կողմից համատեղ իրկանացվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ-ի ծրագիրը։
Այս տարի ծրագրի շրջանակներում անցկացվեց ընդամենը 23 դասախոսություն 6 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր։ Դասախոսներն էին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը և Գրիգոր Բրուտյանը։
Հայկական աստղագիտական ընկերությունը և Բյուրականի աստղադիտարանը 2012թ-ից ի վեր համատեղ կազմակերպում են ամենամյա դասախոսություններ ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում։ Ծրագրի նպատակն է կազմակերպել պրոֆեսիոնալ աստղագետների հետ հնարավորինս մեծ թվով դպրոցականների հանդիպումներ, ներկայացնել ժամանակակից աստղագիտության ուղղությունները, պատմել Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի նվաճումների մասին։ Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են նաև գիտության կարևորությունը, աստղագիտության կապն այլ գիտությունների և մշակույթի հետ, Հայաստանում առկա աստղագիտական կրթական ծրագրերը՝ օլիմպիադաներ, Բյուրականյան գիտաճամբարներ և այլն։ Վերջապես, կարևոր առաքելություններից մեկն է բացահայտել շնորհալի երեխաների՝ նրանց հետ հետագա կապի պահպանման և մասնագիտական աճին հետևելու համար։ Մինչ օրս այցելություններ են իրականացվել արդեն 200-ից ավելի դպրոցներ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում։ Ծրագրի շրջանակներում աստղադիտարանը դպրոցականներին է տրամադրում հանրամատչելի նյութեր, գրքեր, բրոշյուրներ։
Ծրագիրը հովանավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։
Մելինե Ասրյան