Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.12.2020
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020Թ ՄՐՑԱՆԱԿԸ
Ս․թ․ դեկտեմբերի 8-ին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 2020թ․ տարեկան մրցանակը կիսվեց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատողներ Հասմիկ Անդրեասյանի և Գոռ Միքայելյանի միջև՝ իրենց ակտիվ գործունեության և փայլուն աշխատանքի համար։ Երկուսի մոտ էլ 2020թ․ արդյունքները պատկառելի են՝ մի շարք գիտական հոդվածներ, զեկուցումներ, մասնակցություն գիտաժողովների, դրամաշնորհներ, կազմակերպական աշխատանք։
Նշենք, որ ՀԱԸ հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ-ին և պաշտոնապես գրանցվել 2001թ-ին (https://www.aras.am): ՀԱԸ-ի նպատակն է Հայաստանում զարգացնել աստղագիտությունը, Հայաստանի և արտասահմանյան աստղագիտական կառույցների միջև խթանել համագործակցությունը, հայ և օտարազգի աստղագետների միջև ամրապնդել կապերը, նպաստել Հայաստանում աստղագիտական կրթության զարգացմանն ու գիտության հանրայնացմանը: ՀԱԸ 2004 թվականից սահմանել է տարեկան մրցանակ երիտասարդ աստղագետների համար, որն այժմ կրում է հայ մեծանուն աստղագետ Երվանդ Թերզյանի անունը։
Մելինե Ասրյան