Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.12.2020
ԱՐԵԳԱԿԻ ՎՐԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԲՌՆԿՈՒՄԸ
ТАСС-ի էջից տեղեկանում ենք, որ SDO ուղեծրային աստղադիտարանը գրանցել է Արեգակի վրա վերջին երեք տարվա մեջ եղած ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում։
Բռնկումն անսպասելի է եղել գիտնականների համար, քանի որ նման երևույթներից առաջ սովորաբար լինում են արևային ակտիվության առավել թույլ դրսևորումներ։
Նրանց կարծիքով շատ հավանական է, որ բռնկման իրական ուժգնությունն ավելի մեծ է եղել, քանի որ պայթյունի կենտրոնը գտնվում է Արեգակի՝ Երկրի համար անտեսանելի կողմի վրա, սակայն Արեգակի պայթյունի ընդգրկած գոտին այնքան վեր խոյացած է եղել, որ մակերևույթից վեր բարձրացած մասը տեսանելի է դարձել արեգակի ծայրի հակառակ կողմից։ Չի բացառվում, որ այս բռնկումը պատկանում է ամենաբարձր X դասին։
Արեգակի վրա պարբերաբար լինում են բռնկումներ, որոնց ընթացքում լուսատուն կտրուկ հսկայական քանակությամբ էներգիա է առանձնացնում լուսային, ջերմային և ռենտգենյան տեսանելի ճառագայթային ալիքների տեսքով։ Նմանատիպ երևույթները կարող են խափանել ուղեծրային արբանյակների ախատանքը և Երկրի ռադիոկապի համակարգերը, ինչպես նաև վտանգ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար։
Որպես կանոն Արեգակի վրայի նման ակտիվությունը փոփոխվում է 11 տարի պարբերականությամբ։ Մի քանի տարի առաջ գիտնականները սկսեցին վախենալ, երբ այս օրինաչափությունը սկսեց խախտվել արեգակնային ակտիվության նախավերջին և ներկայիս շրջափուլերի ընթացքում: Բանն այն է, որ այս երկու շրջափուլերի ընթացքում Արեգակի վրա շատ քիչ էին բռնկումներն ու արևաբծերը: Շատ տեսաբաններ ենթադրում են, որ դա պայմանավորված է լուսատուի ընդերքի հիմնարար փոփոխություններով:
Նշվում է նաև, որ այս բռնկումը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկրի համար։
Նյութի սկզբնաղբյուրը ստորև՝
https://nauka.tass.ru/nauka/10129693?fbclid=IwAR0g5gRVJc2dwTWnN6Y-9OL8bM0a97mmBvviI_aKa2UbXYUywRESemakUTU ։
Մելինե Ասրյան