Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.11.2020
ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐԱԼՈՒՍՆԻՆ
![](images/174.png)
Այսօր կտեսնենք նորալուսին։ Իսկ ի՞նչ է այն։
Լուսնի փուլերը Լուսնի դիտվող տեսքերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։
Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է նայում նրա չլուսավորված մասը, այսինքն՝ այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Նորալուսին կարելի է հանդիպել գրեթե ամիսը մեկ անգամ, քանի որ Երկրի շուրջ պտույտ գործելու համար Լուսնին անհրաժեշտ է մոտ մեկ ամիս ժամանակ։
Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի դիրքերը տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսինը։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե «մաշվում է», և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է, և կրկին վերադառնում ենք նորալուսնի փուլին։
Մելինե Ասրյան