Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.11.2020
«Ես Արև անունով աղջիկ և Լուսին անունով տղա ունեմ»
Ալենուշ Տերյան
ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ
Այսօր կլրանար աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանի 100-ամյակը:
Ալենուշ Տերյանն Իրանում աստղաֆիզիկայի առաջին պրոֆեսորն էր: Նա ծնվել է Թեհրանում 1920 թվականի նոյեմբերի 9-ին: Նրա հայրը թարգմանիչ էր և պարսկերենից հայերեն է թարգմանել Իրանի հայտնի բանաստեղծ Ֆիրդուսիի «Շահնամեն», իսկ մայրը կրթությունը ստացել է Շվեյցարիայում գրականության բնագավառում:
Ալենուշ Տերյանը տարրական կրթությունը ստացել է հայկական դպրոցում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Սպահանում: 1947թ. ավարտել է Թեհրանի համալսարանը, որտեղ էլ աշխատանքի է ընդունվել որպես լաբորատորիայի պատասխանատու: Այնուհետև նա դիմել է կրթաթոշակի, սակայն նրա հայտը մերժել են, քանի որ նա կին էր: Այսպիսով, ընտանեկան միջոցներով նա Ֆրանսիա է մեկնում և շարունակում կրթությունը Սորբոնի համալսարանում: 1956թ. Ա․ Տերյանը ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան: Նրան առաջարկել են դասավանդել Սորբոնում, սակայն նա նախընտրել է վերադառնալ Իրան, որտեղ և Թեհրանի համալսարանում նշանակվել է թերմոդինամիկայի դոցենտ:
1964թ. դարձել է պրոֆեսոր, 1966թ.-ին Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ֆակուլտետի անդամ և նշանակալից դեր խաղացել Իրանում առաջին արեգակնային աստղադիտարանի հիմնադրման գործում: 1969թ.-ին Տերյանը ղեկավարել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ֆակուլտետի արեգակնային ֆիզիկայի գիտահետազոտական խումբը: Նա առաջինն էր, ով Իրանում դասավանդել է աստղաֆիզիկա:
Ա․ Տերյանը վարժ տիրապետում էր ֆրանսերենին, պարսկերենին և հայերենին, ինչպես նաև գիտեր թուրքերեն և անգլերեն: 30 տարի դասավանդելուց հետո Ալենուշ Տերյանը թոշակի է անցնում իր իսկ ցանկությամբ: Նա չի ամուսնանում և իր տունը կտակում է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, ովքեր չունեին բարվոք կացարան:
Ա․ Տերյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում և վախճանվել է 2011թ. մարտի 4-ին:
Մելինե Ասրյան