Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.08.2020
ԵՐԿՐԻ ԿՈՂՔՈՎ ԿԱՆՑՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՍՏՂԱԿԵՐՊԸ
ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին Երկրին է մոտենալու 22-49 մ չափերի աստղակերպ։ Ըստ ՆԱՍԱ-ի Երկրամերձ տարածության մարմինների հետազոտության կենտրոնի՝ երկնային այս մարմինը, որը կոչվում է 2011 ES4, կանցնի Երկրի կողքով 120 հազար կմ հեռավորության վրա 8 կմ/վ արագությամբ։
2011 ES4 աստղակերպը հայտնաբերվել է 2011թ-ի մարտին։ Աստղագետները դասում են այն Ապոլոնի աստղակերպերի շարքին (Ապոլոնի աստղակերպերը հատում են Երկրի ուղեծիրը)։
Աստղակերպը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որն իր ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։ Ի տարբերություն մոլորակների՝ աստղակերպերն ավելի փոքր են թե՛ չափով, թե՛ զանգվածով։ Դրանք չունեն կանոնավոր ձև, մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ:
Հայտնի է, որ այժմ երկրամերձ տարածությունում՝ 0,05 աստղագիտական միավորի շրջանակներում (աստղագիտական միավորը Երկիր-Արեգակ հեռավորությունն է), առկա է մոտ 8 հազար աստղակերպ, որոնց չափսերը գերազանցում են 140 մ-ը։ Իսկ երկրամերձ խոշոր աստղակերպերի ընդհանուր թիվը կարող է հասնել 25 հազարի։
Մելինե Ասրյան