Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.08.2020
ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
![](images/154.jpg)
Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի գիտական խորհրդատու Տիգրան Արշակյանի 60-ամյակը։
Տ․ Արշակյանը ծնվել է 1960թ-ի օգոստոսի 21-ին Երևանում։ 1983թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, որից հետո՝ 1984-1997թթ, աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1988-1991թթ․ սովորել է ասպիրանտուրայում՝ պաշտպանելով ատենախոսությունը 1992թ-ին Ռ․ Անդրեասյանի ղեկավարությամբ։ 1966թ-ին արժանանալով Royal Society դրամաշնորհին՝ տեղափոխվել է Քեմբրիջ՝ Քավենդիշի լաբորատորիա, իսկ 2001թ-ին ստանալով Ալեքսանդր ֆոն Հումբոլտի մրցանակը՝ աշխատել է Մաքս Պլանկի ռադիոասղագիտական ինստիտուտում։
Նրա գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են տեսական աստղաֆիզիկան, Պուլսարները, ռադիոգալակտիկաները, մագնիսական դաշտերը, SKA: Նա հրապարակել է ավելի քան 60 գիտական հոդված տարբեր աստղագիտական ամսագրերում՝ «Աստղաֆիզիկայի ամսագիր» (ApJ), «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (A&A), «Բալթյան աստղագիտություն» և այլն։
Տ․ Արշակյանի ձեռքբերումների շարքում կարելի է առանձնացնել դասական կրկնակի ռադիոաղբյուրների նոր ասիմետրիկ հարաբերական մոդելի կազմումը, ռադիոպուլսարների ճառագայթների տիեզերական արագության և իրական բաց անկյունների բաշխման գործառույթների վերակառուցումը և այլն։
Տ․ Արշակյանն աշխատում է Քյոլնում՝ միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցելով մի շարք աստղագիտական հաստատությունների հետ։ Նա հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 1994թ-ից, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 2002թ-ից, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) և Եվրասիական աստղագիտական ընկերության անդամ 1996թ-ից։
Սիրով շնորհավորում ենք Տ․ Արշակյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:
Մելինե Ասրյան