Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.08.2020
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԻԿԻՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի «Տեսական աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատակից Հովհաննես Վահրամի Պիկիչյանի 70-ամյակը։
Հ․ Պիկիչյանը ծնվել է 1950թ-ի օգոստոսի 14-ին Երևանում։ 1972թ-ին Հ․ Պիկիչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկոսի մասնագիտացմամբ, իսկ 1977-1981 թ-ին Վ․ Համբարձումյանի ղեկավարությամբ ՀԽՍՀ ԳԱ ԲԱ-ին կից սովորել է ասպիրանտուրայում՝ 1981թ-ին պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։ 1984-1987 թթ․ եղել է ԲԱ գիտական քարտուղարը։ Երկար տարիներ եղել է ԲԱ գիտական խորհրդի անդամ։ 1991-ից դասավանդում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում։
Հ․ Պիկիչյանը Բյուրականի աստղադիտարանում է աշխատում 1974թ-ից։ Նրա գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են ճառագայթման տեղափոխման տեսության խնդիրները, աստղաֆիզիկական դիտողական նյութի մեկնաբանման ուղիղ և հակադարձ խնդիրները։ Նա ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է։ Մ․ Մնացականյանի հետ համատեղ խմբագրել է «Ինվարիանտության սկզբունքն ու դրա կիրառությունները» գիտաժողովի նյութերի ժողովածուն։
Հ․ Պիկիչյանը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ:
Սիրով շնորհավորում ենք Հ․ Պիկիչյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:
Մելինե Ասրյան