NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.08.2020


ՊԵՐՍԵԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔ

Օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:

Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:

Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։

Մելինե Ասրյան