Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.08.2020
«ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ADS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ
Լույս է տեսել «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» 67-րդ հատորի 1-ին համարը, որում տեղ են գտել Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և այլ գիտնականների 20 հոդվածներ։ Դրանցից 12-ը 2019թ․ սեպտեմբերին Բյուրականում կայացած Տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովին ներկայացված աշխատանքներն են՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի և Լեհաստանի աստղագետների կողմից։ Սակայն համարում տեղ են գտել նաև գիտական նորույթ ներկայացնող աշխատանքներ և մեկ տեսահայական (review) հոդված։ «ԲԱ հաղորդումների» հերթական համարի հոդվածները ներառվել են ADS միջազգային տվյալների շտեմարանում և հասանելի են համացանցում։ Հիշեցնենք, որ «ԲԱ հաղորդումներ» ամսագիրը դեռևս 1946-ին հիմնադրել է Վիկտոր Համբարձումյանը, և այն հրատարակվել է մինչև 1991թ․ ներառյալ։ Այնուհետև՝ 2017-ից, ԲԱ նոր տնօրինության ջանքերով «ԲԱ հաղորդումները» վերահրատարակվեցին արդեն նոր՝ էլեկտրոնային տարբերակով և անգլերեն։ Առ այսօր լույս է տեսել ընդամենը 67 հատոր շուրջ 500 հոդվածներով։ Նշենք, որ Հայաստանում ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակվում է նաև «Աստղաֆիզիկա» հանդեսը, որը հայկական ամսագրերի մեջ ամենաբարձր ազդեցության միջազգային գործակիցն ունի (Impact Factor – IF)։
Մելինե Ասրյան