Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.07.2020
ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ․
ԱՌՑԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ս․թ․ հուլիսի 25-ին Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) առցանց կրթահարթակում տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի դասախոսությունները՝ «Զորաց Քարերից մինչև Բյուրականի աստղադիտարան» խորագրով, հայերեն և անգլերեն: Ներկայացվեցին հայ աստղագիտության արժեքները՝ երկնքի առաջին բաժանումը համաստեղությունների, աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն աստղադիտարանները, օրացույցները, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը, միջնադարյան աստղագիտական քարտեզները և գործիքները, Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգությունը, Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, Հայկական վիրտուալ աստղադիտարանը։
Նշենք, որ ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից (https://t6q3s6q7.map2.ssl.hwcdn.net/ehy/about/aboutAVC.html): Օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք՝ խթանելու ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում:
Մելինե Ասրյան