Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.07.2020
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՃԱՐՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ս․թ․ հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված Զորաց Քարեր (Քարահունջ) հուշարձանի ամբողջական, աստղագիտորեն կիրառելի թվայնացված տվյալները ստանալուն (բոլոր քարերի ճշգրիտ կոորդինատները, առկա անցքերի ուղղվածությունները, իրական հորիզոնի թվային տեսքը բոլոր կետերի համար և որոշ այլ տվյալներ):
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Զորաց Քարեր հուշարձանի ամբողջական և լիարժեք ճարտարապետական և երկրաբաշխական (գեոդեզիական) չափագրություն, կատարել հուշարձանի ճարտարապետական տեղազննում և չափագրություն, ինչպես նաև տարածքի երկրաբաշխական (գեոդեզիական) տեղագրում՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ և թվային եղանակներ:
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետները կաշխատեն միասին։ Աշխատանքներին ներգրավված կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։ Ստացված տվյալները համատեղ կհրապարակվեն այլ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
Մելինե Ասրյան