Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.06.2020
ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ՝ 70
Այսօր՝ հունիսի 21-ին, լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Խորեզմի միջազգային մրցանակի դափնեկիր ֆիզմաթ. գիտ. դոկտոր Գագիկ Տեր-Ղազարյանի 70-ամյակը։
Գ․ Տեր-Ղազարյանը ծնվել է 1950թ-ի հունիսի 21-ին Երևանում։ 1972-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ԵՊՀ-ում, այնուհետև՝ 1983-ից, Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ 1988-ին պաշտպանել է ֆիզմաթ․ գիտությունների թեկնածուական թեզ, հետագայում նաև դոկտորական թեզ։ Ներկայումս առաջատար գիտաշխատող է և «Բարձր էներգիաների աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի վարիչ։ 2007թ.-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ է և պատվավոր պրոֆեսոր։ Նա միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է, մասնավորապես՝ ամերիկյան և եվրոպական մի շարք առաջնակարգ գիտական ամսագրերի փորձագետ։ Նա Միջազգային աստղագիտական միության անդամ է, ինչպես նաև ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ։
Գ․ Տեր-Ղազարյանի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են բարձր էներգիայի աստղաֆիզիկան, տիեզերական կոմպակտ մարմինների ֆիզիկան, գրավիտացիան, տարրական մասնիկները և տիեզերաբանությունը։ Նա ավելի քան 70 գիտական մեծածավալ հոդվածների, այդ թվում՝ մի շարք մենագրությունների հեղինակ է: Նա հաճախ դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Օմանի համալսարաններում:
Սիրով շնորհավորում ենք Գ․ Տեր-Ղազարյանին ծննդյան տոնի առթիվ և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:
Մելինե Ասրյան