Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.04.2020
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ 1982 թ. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ այս օրը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին:
Հայաստանն իր բազմաթիվ հուշարձանների շնորհիվ համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Մշակութային և պատմական արժեք ներկայացնող այդ կառույցների թվում քիչ չեն նաև աստղագիտական հուշարձանները։ Դրանցից թվում են օրինակ՝
Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղագիտական հուշարձանը։ Այն Հայաստանում ամենագրավիչ աստղագիտական պատմական կառույցն է, որը գտնվում է Երևանից 200 կմ, իսկ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1770 մ։ 1980-ական թթ. կեսերին Քարահունջը մեկնաբանվել է որպես հնագույն աստղագիտական հուշարձան և ուսումնասիրվել Էլմա Պարսամյանի (1985) և Պարիս Հերունու (1998) կողմից: Քարահունջի տարիքի գնահատականները բավական տարբեր են և ընկած են 7700-ից մինչև 4000 տարի միջակայքում: Քարահունջում հաշվվում են 250 մետր երկարությամբ ձգվող 222 քարեր, այդ թվում 84-ը 4-5 սմ տրամագիծ ունեցող անցքերով են: Այստեղ կարելի է գտնել 30 աղեղնային վայրկյան ճշտությամբ տասնյակ աստղագիտական քարե գործիքներ: Ըստ որոշ գնահատականների (որոշակի աստղերի դիտումների)՝ աստղադիտարանն օգտագործվել է մ.թ.ա. 7700-2200 թթ. ընթացքում, մոտ 5500 տարի շարունակ:
Մեծամորը Հայաստանի մյուս հնագույն աստղադիտարանն է: Այն գտնվել է Մեծամոր գետի մոտ հին քաղաքի սահմաններում, Երևանից 35 կմ հեռավորության վրա, ներկայիս Արմավիրի շրջանում: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից սկսած այն բնակելի է եղել: 1960-ական թթ. կեսերին Էլմա Պարսամյանի կողմից այն առաջին անգամ մեկնաբանվել է որպես հնագույն աստղագիտական հուշարձան։ Աստղադիտարանի տարիքը գնահատվում է մոտ 4600 տարի:
Բյուրականի աստղադիտարանի նախաձեռնությամբ Հայաստանում և տարածաշրջանում զարգանում է աստղագիտական տուրիզմը, որի մեջ մտնում է նաև աստղագիտական հնավայրերի ուսումնասիրությունը։
Մելինե Ասրյան