Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.04.2020
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ապրիլի 12-ը մարդկային պատմության ամենանշանավոր օրերից մեկն է։ 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ դարձավ առաջին մարդը, ով թռիչք կատարեց դեպի բաց տիեզերական տարածություն՝ «Վոստոկ-1» տիեզերանավով 1 պտույտ կատարելով Երկրի շուրջը: Ընդամենը 108 րոպե տևած այս թռիչքը բեկումնային եղավ տիեզերքի յուրացման գործում։ Այդ օրվանից ի վեր՝ ապրիլի 12-ը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը։
60-ականներին ամբողջ աշխարհում՝ հատկապես ԽՍՀՄ-ում, սկսվեց տիեզերական դարաշրջանի արշալույսը։ Հայաստանը, լինելով Սովետական Միության կազմում, իր նշանակալից ներդրումն ունեցավ տիեզերագնացության մեջ։ Վ. Համբարձումյանը և Գ․ Գուրզադյանն իրենց գիտական համագործակցությամբ մեծ ճանապարհ բացեցին տիեզերքի ուսումնասիրության համար։ Համբարձումյանը հիմնադրեց Բյուրականի աստղադիտարանը, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց և շարունակում է մեծ դեր խաղալ տիեզերագնացության պատմության մեջ։
Նշենք, որ ապրիլի 12-ը որպես Տիեզերագնացության միջազգային օր նշելու որոշումը կայացվել է 1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովի ժամանակ: Ռուսաստանի Դաշնությունում այս օրը միշտ մեծ շուքով է նշվում։ Այս տարի, սակայն, համաշխարհային պանդեմիայի պատճառով բոլոր միջոցառումները կանցկացվեն առցանց տարբերակով։
Մելինե Ասրյան