Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.04.2020
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՄԱՐԳԱՐԵԹ ԲԵՐԲԻՋԸ
![](images/117.jpg)
Ս․թ․ ապրիլի 5-ին 100 տարեկան հասակում կյանքից հեռացել է աստղագետ, աստղաֆիզիկոս Մարգարեթ Բերբիջը։
Կին լինելու պատճառով գիտական գործունություն ծավալելու ճանապարհին նա հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների։ Սկզբնական շրջանում նրան նույնիսկ արգելված էր օգտվել աստղադիտակից, սակայն ոչինչ չէր կարող խանգարել նրան հասնելու իր նպատակներին։ Մ․ Բերբիջը իր համար ուղի է հարթել՝ կատարելով տիեզերքի վերաբերյալ շրջադարձային նշանակության հայտանգործություններ։
Պետք է նշել, որ նա իր ներդրումն է ունեցել Հաբլ տիեզերական աստղադիտակի համար նախագծված՝ թույլ օբյեկտների սպեկտոգրաֆի կառուցման գործում։
Մարգարեթ Բերբիջն իր կյանքի մեծ մասի ընթացքում աշխատել է ԱՄՆ-ում։ Նա իր գործունեությամբ ճանապարհ է հարթել նաև այլ կին աստղագետների և գիտնականների համար։ Բացի այդ Մ․ Բերբիջը եղել է Թագավորական աստղադիտարանի առաջին կին տնօրենը։
Նրա գիտական գործունեության շրջանակը ներառում է գալակտիկաների հատկանիշների և քվազարների բնույթի, ինչպես նաև աստղերի հետազոտությունները։
«Նա մեծ հետք է թողել ժամանակակից աստղագիտության և տիեզերաբանության պատմության մեջ», - ասել է Կալիֆորնիայի համալսարանի տեսական աստղաֆիզիկոս Ջորջ Ֆուլերը։ 1966-ին Մարգարեթ Բերբիջն այցելել է նաև Հայաստան՝ Բյուրականի աստղադիտարան։
Մելինե Ասրյան