Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.04.2020
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՍՏՂԱԳԵՏ ՀԱԿՈԲ ԹԵՐԶԱՆԸ
![](images/116.jpg)
Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ֆրանսահայ աստղագետ Հակոբ Թերզանը։
Հակոբ Թերզանը սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության կարևորագույն դեմքերից էր: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ է ունեցել դիտողական աստղաֆիզիկայի մեջ:
Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին Կոնստանտնոպոլսում (Ստամբուլ): Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945` մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949` աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին` որպես օգնական աստղագետ, հետագայում` գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:
Թերզանի աշխատանքները հիմնականում վերաբերում են փոփոխական աստղերին, աստղակույտերին և աստղերի ֆիզիկայի հարցերին: Սկսած 1963թ. նա դիտումներ է կատարել աշխարհի մի շարք կարևորագույն աստղադիտակներով: Հայտնաբերել է 710 փոփոխական աստղ հայտնի 14 գնդաձև աստղակույտերի հարևանությամբ, 11 նոր գնդաձև աստղակույտ (Թերզանի աստղակույտեր, անվանվում են Թերզան 1 և այլն մինչև Թերզան 11), 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա (որոնցից 25%-ը Sy2 տիպի ակտիվ գալակտիկաներ են), 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ (այդ թվում` 458-ը, որոնք հետագայում նույնացվեցին IRAS ենթակարմիր աղբյուրների հետ), մեծ սեփական շարժում ունեցող (տարեկան pm > 0".1) 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ: Հետագայում պարզվեց, որ Թերզանի հայտնաբերած այդ գալակտիկաները կազմում են Օձակրի համաստեղության գալակտիկաների կույտը, ինչպես նաև` Աղեղնավորի-Օձակրի գերկույտը, որն ըստ էության հայտնաբերվեց Թերզանի շնորհիվ: Բոլորովին վերջերս եվրոպական աստղագետների կողմից կատարված դիտումների հիման վրա պարզվեց, որ Թերզան 5 աստղակույտը հանդիսանում է Մեր Գալակտիկայի կենտրոնի հիմնական գոյացություններից մեկը, որի հիման վրա «կառուցվել է» Գալակտիկան: Այն ըստ էության նախագալակտիկա է, որը, միանալով Ծիր Կաթնին, կազմել է նրա կենտրոնական մասը («բալջը»):
Նշված աշխատանքների արդյունքում Թերզանն իր գործունեության ընթացքում հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված կարևորագույն աստղագիտական հանդեսներում: Նա լուրջ ներդրում է ունեցել նաև աստղագիտական սարքերի մշակման գործում (խավարումների համեմատման սարքեր և լուսաչափեր), ինչպես նաև խմբագրական և կազմակերպական աշխատանքներում:
Թերզանը եղել է Միջազգային աստղագիտական միության (1967), Եվրոպական աստղագիտական ընկերության և Ֆրանսիայի աստղագետների ազգային ընկերության (1964) անդամ: 1968-1978-ին եղել է Լիոնի աստղագետների ընկերության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի (1977), Ֆրանսիայի կրթության նախարարության (1979) մրցանակների, Ֆրանսիայի ԳԱ պսակավոր դափնեկրի տիտղոսին (1988) և մի շարք մեդալների:
Հակոբ Թերզանը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան, այդ թվում գործնական այցերով եղել է Բյուրականի աստղադիտարանում 1971, 1973, 1977, 1984 և 1989 թթ.` դիտումների, գիտաժողովներին մասնակցելու և գիտական քննարկումների նպատակով:
Մելինե Ասրյան