Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.03.2020
ԲՅՈՒՐԱԿԱՆ-ԱՐՑԱԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ս/թ մարտի 12-15-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության (ԱՀ ԿԳՍՆ) հրավերով Արցախում էր ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։
Դեռևս 2006 թվականին ԲԱ-ն Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում (ԱՊՀ), տեղադրել էր Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակ, Արցախում բազմաթիվ դասախոսություններով հանդես են եկել ԲԱ գիտնականները, քննարկվել են համագործակցության այլ հարցեր։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ մարտի 13-ին Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՍՆ միջև ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի և նախարար Նարինե Աղաբալյանի կողմից կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ նախատեսվում է իրականացնել աստղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտում համատեղ կրթական, գիտական և հանրային ծրագրեր, նպաստել Արցախի ուսանողների առաջադիմությանը և մասնագիտական աճին, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ և այլ միջոցառումներ, ապահովել ԲԱ կողմից Արցախում տեղադրված աստղադիտակի աշխատանքը և մասնագիտական խորհրդատվությունը, Արցախի դպրոցներում և բուհերում կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ԲԱ պրոֆեսիոնալ աստղագետների կողմից, կազմակերպել Արցախի դպրոցականների ամենամյա եռօրյա այցելություն Բյուրական՝ Վիկտոր Համբարձումյանի և ԲԱ նվաճումներին ծանոթանալու նպատակով, հնարավորության դեպքում Արցախի ավագ դպրոցներում կազմակերպել աստղագիտական խմբակներ։
ԱՊՀ-ում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հետ կապված վերոհիշյալ աստղադիտակը, որը միակն է Արցախում, տեղափոխվեց Հ․ Թումանյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, որտեղ ձեղնահարկում կառուցվել էր համապատասխան հարթակ և գմբեթ, և աստղադիտակը շուտով շահագործման կհանձնվի։ Պրն Միքայելյանն անձամբ այցելեց այդ դպրոց, ծանոթացավ աստղադիտակի տեղադրման պայմաններին։ Այնուհետև նա հանդիպում ունեցավ ավագ դասարանների աշակերտների հետ և հանրամատչելի դասախոսություն ունեցավ Վիկտոր Համբարձումյանի և ԲԱ մասին։ Աշակերտներին բաժանվեց մասնագիտական գրականություն և դպրոցին նվիրվեց փոքր շարժական աստղադիտակ։
Համագործակցության և հետագա անելիքների վերաբերյալ նախարար Նարինե Աղաբալյանը և ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը հարցազրույց տվեցին Արցախի հանրային հեռուստատեսությանը։
Մելինե Ասրյան