Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.03.2020
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020Թ․ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ), որը զբաղվում է աստղագիտության տարածմամբ և զարգացմամբ Եվրոպայի ողջ տարածքում, 2020թ-ի համար սահմանել էր 6 մրցանակ։ Մրցանակակիրների ցանկը կարող եք տեսնել ստորև։
2020թ․ Տիխո Բրահեի մեդալը շնորհվել է պրոֆ․ Ստեֆանո Վիտալեին (Տրենտոյի համալսարան, Իտալիա) LISA Pathfinder տիեզերական առաքելությունն առաջնորդելու համար, ինչն արտասովոր ճշգրտությամբ բացահայտել է այն տեխնոլոգիան, որն անհրաժեշտ է հետագա Լազերային ինտերֆերոմետրային տիեզերական անտենայի համար, որի հիմնական նպատակն է տիեզերքից հետազոտել ցածր հաճախականության գրավիտացիոն ալիքները։
2020թ․ Լոդեվիյկ Վոլչերի դասախոսության մրցանակ ստացել է պրոֆ․ Ալվիո Ռենզինին (Պադովայի աստղադիտարանի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտ, Իտալիա) իր՝ աստղերի, աստղային բնակչության և գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաև որպես Եվրոպական աստղագիտական ընկերության VLT ծրագրի գիտնական ունեցած դերի համար։
Աստղաֆիզիկայի և տիեզերաբանության Ֆրից Ցվիկիի անվան մրցանակը հանձնվեց պրոֆ․ Մարտին Ջ․ Ռիսին (Քեմբրիջի համալսարան, Միացյալ Թագավորություն) աստղաֆիզիկայի և տիեզերաբաության ոլորտներում ունեցած նշանակալից ներդրումների, ինչպես նաև ակտիվ գալակտիկաների և սև խոռոչների, գամմա ճառագայթների բռնկումների աղբյուրների, տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքի և մնացորդային ճառագայթման վերաբերյալ կարևոր աշխատանքների համար։ Նրա բացառիկ ընդարձակ գործունեությունը կանխորոշող և ազդեցիկ բնույթ է ունեցել։
Լավագույն ատենախոսությունների համար 2020թ Մերաք (MERAC) հիմնադրամի մրցանակների են արժանացել Տեսական աստղաֆիզիկայում դոկտոր Արիս Տրիտիսը (Ավստրալիայի ազգային համալսարան), Դիտողական աստղաֆիզիկայում՝ դոկտոր Ջորիթ Մեթհին (Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց) և Նոր (ինստրումենտալ) տեխնոլոգիաներում՝ դոկտոր Կոնսեփսիոն Գարդենաս Վասքեսը (Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտ):
Նշենք, որ ԵԱԸ բոլոր 6 մրցանակակիրները հանդես կգան ելույթներով ԵԱԸ ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 3-ը Լեյդենում (Նիդերլանդներ)։
Մելինե Ասրյան