Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.12.2019
ԳԻՏԱԿԱՆ (ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ) ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում հանձնվեցին գիտական (աստղագիտական) լրագրության 2019թ․ մրցանակները։ Մրցանակները տրվեցին 3 անվանակարգում։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիգոր Էմին-Տերյանը («Պոիսկ» Մոսկվա), լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում՝ Ելենա Չոբանյանը (Araratonline ամսագիր, SoCal Armenian ռադիո), իսկ ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակին արժանացան Անի Կարապետյանը (168.am) և Մարի Թարյանը (Մեդիամաքս մեդիա ընկերություն)։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է եղել նաև դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցում էին ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նշենք, որ դիտարկվել են միայն հեղինակային աշխատանքները։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, պարբերաբար անց է կացնում գիտական լրագրության ոլորտի վերաբերյալ մրցույթներ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Գիտական լրագրության մրցույթը նվիրված էր Միջազգային աստղագիտական միության 100-ամյակին։
Մելինե Ասրյան