Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.12.2019
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ
Ս. թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի գիտաինժեներական անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը։
Ժողովին Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներից զատ ներկա էին նաև հատուկ հյուրեր գիտական տարբեր հաստատություններից, այդ թվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, բաժանմունքի գիտական քարտուղար Նարինե Դավիդյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը և այլք։
Ժողովի ընթացքում քննարկվեց ԲԱ 2019թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեությունը, ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ նվիրված թե՛ գիտական արդյունքներին և թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքների մասին։ Դատելով բոլոր ցուցանիշներից` ԲԱ եղել և մնում է Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը, իսկ որպես ՀՀ Ազգային արժեք ԲԱ իրականացնում է զգալի գործունեություն նաև գիտակազմակերպական, կրթական, հանրային ոլորտներում։ Նշենք, որ հավատարիմ մնալով ավանդույթներին՝ այս տարվա հաշվետվությունը ևս կտեղադրվի համացանցում։
Հաշվետու ժողովին հաջորդեց սեմինար՝ նվիրված ճանաչված աստղագետ Էլմա Պարսամյանի 90-ամյակին։ Զեկույցով հանդես եկավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով անդրադարձավ Էլմա Պարսամյանի գործունեությանը և թողած հսկա ժառանգությանը։ Նշենք, որ Էլմա Պարսամյանի 90-ամյակին ընդառաջ տպագրվել էր վերջինիս կյանքին ու գործունեությանը նվիրված գրքույկը, որը շուտով հասանելի կլինի նաև անգլերենով։
Տոնական սեմինարից հետո տեղի ունեցան մի շարք մրցանակների՝ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2019թ․ տարեկան մրցանակի, Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի, Գիտական լրագրության 2019թ․ տարեկան մրցանակների հանձնումը։
Մելինե Ասրյան