Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.12.2019
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՖԻԶԻԿՈՍ ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կյանքից հեռացել է ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից մեկը՝ Դավիթ Սեդրակյանը (1938 - 2019)։
Դավիթ Սեդրակյանի հետազոտությունների հիմնական թեման է եղել տեսական աստղաֆիզիկան, և հենց այդ բնագավառում էլ ստացվել են կարևորագույն արդյունքները:
Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում։ 1961թ-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), 1964թ-ին պաշտպանել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը` լիցքավորված կետային մասնիկի դիֆրակցիոն ճառագայթման թեմայով: 1964-1977թթ-ին աշխատել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1972թ-ին արժանացել է ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, 1975թ-ին` տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորի կոչման, 1977-1986թթ-ին և 1994թ-ից եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչը: Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982) և ակադեմիկոս (1990): 1985-1990թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 1990-1994թթ-ին` փոխնախագահ: Եղել է նաև ՀՀ ԳԱԱ Տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի խորհրդի նախագահը, մի շարք գիտական խորհուրդների, այդ թվում` Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտխորհրդի և ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ: 2000թ-ից մինչ օրս հանդիսացել է Հայաստանի հիմնական աստղագիտական ամսագրի` «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը:
Այս աշխատանքների արդյունքում Սեդրակյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում: Երկար տարիների ընթացքում Սեդրակյանն ակտիվորեն համագործակցել է ԱՄՆ, Ֆրանսիայի և արտասահմանյան այլ գիտնականների հետ և հրավիրված սեմինարներով, գիտական հետազոտությունների, գիտաժողովների մասնակցության և գիտական քննարկումների նպատակով այցելել է մի շարք միջազգային գիտական կենտրոններ:
Դավիթ Սեդրակյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է (1970), արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի (1999), ինչպես նաև մի շարք այլ գիտական շնորհների` CRDF, ANSEF և այլն: Նա ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների, որոնք ներկայումս հաջողությամբ աշխատում են ԵՊՀ-ում և այլուր: Եղել է Միջազգային աստղագիտական միության, Հայաստանի ֆիզիկոսների ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (2009), մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ:
Մելինե Ասրյան