Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.11.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱՅԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ս.թ. նոյեմբերի 13–ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորայի մարզի պատվիրակությանը` հանձինս նահանգապետ Գերգանա Միկովայի և նրա տեղակալ Դիմիտր Դրաչևի։ Աստղադիտարանի կողմից հյուրերին ընդունել են տնօրեն Արեգ Միքայելյանը և փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի օգնականներ Մերի Բադալյանը, Տիգրան Եղիազարյանը և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը։ Հյուրերը ծանոթացել են աստղադիտարանի գործունեությանը, այցելել Վ. Համբարձումյանի տուն–թանգարան, 2,6 մ հայելու տրամագծով և 1մ հայելու տրամագծով աստղադիտակներ և քննարկել համագործակցության հեռանկարներ։ Գերգանա Միկովան իր հիացմունքն է արտահայտել հայ գիտական մտքի, գիտության և կրթության ոլորտում հայ հանճարների նվաճումների վերաբերյալ և նշել, որ այս ոլորտում համագործակցությունն իրեն անչափ հետաքրքրել է: Նշենք, որ նոյեմբերի 13–ին մեկնարկ է տրվել ՀՀ Արագածոտնի և ԲՀ Ստարա Զագորայի մարզերի միջև համագործակցությանը։ Ստարա Զագորայի մարզի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած եռօրյա այցի շրջանակներում կստորագրվի հուշագիր, որով հիմք կդրվի արդյունավետ համագործակցության:
Մելինե Ասրյան