Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.10.2019
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵԳԱԿՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը սկսել է համագործակցել ՆԱՍԱ-ի Տիեզերական թռիչքների Գոդարդ կենտրոնի հետ՝ «Երիտասարդ արեգակներ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համակարգողը մեր հայրենակից Վլադիմիր Հայրապետյանն է՝ ՆԱՍԱ-ի Տիեզերական թռիչքների Գոդարդ կենտրոնից:
Համագործակցության շրջանակներում Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) է բերվել նոր լուսաչափ: Սարքը նախատեսվում է տեղադրել ԲԱ փոքր՝ 40սմ հայելու տրամագծով դիտակի վրա՝ կատարելու Արեգակի շրջակայքի աստղերի մանրակրկիտ լուսաչափություն:
Ծրագրի նպատակն է հայտնաբերել կենսածին գոտում գտնվող աստղեր, որոնք ներկայումս գտնվում են Արեգակի երիտասարդ փուլին համապատասխանող ֆիզիկական վիճակում և իրենց շուրջն ունեն մոլորակներ: Այս երևույթը նման է Երկրի էվոլյուցիայի վաղ փուլերում կյանքի առաջացման նախանշաններին:
Nature astronomy գիտական միջազգային ամսագրում հրապարակված իր հոդվածում Վ. Հայրապետյանը առաջ է քաշում հետևյալ հարցադրումները՝ արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում, կյանքը սովորական երևույթ է, թե՞ հատուկ է միայն Երկիր մոլորակին: Եվ հենց այս հարցադրումներն են, որ բացահայտում են ժամանակակից գիտության հիմնահարցերը:
Մելինե Ասրյան