Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.10.2019
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
«ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
![](images/087.jpg)
Օրերս Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության կողմից լույս տեսավ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով Հայաստանում անցկացված միջազգային կոնֆերանսի զեկույցների ժողովածուն:
Ժողովածուի մեջ տեղ գտած աշխատանքները նվիրված են աստղագիտության դերին մշակույթում և մարդկային գործունեության այլ ոլորտներում: Նոր ժամանաներում աստղագիտությունը առաջատար դեր է խաղում միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների ստեղծման և զարգացման գործընթացում: Այն հասել է իր զարգացման գագաթնակետին, իսկ վերջերս առաջ են եկել նոր գիտաճյուղեր, ինչպես օրինակ՝ աստղաքիմիան, աստղակենսաբանությունը և աստղալեզվաբանությունը:
Նշենք, որ միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում 2017թ-ի նոյեմբերի 13-17-ին: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնը: Գիտաժողովին մասնակցել են ինչպես տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ, այնպես էլ աստղագետներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլ երկրներից։
Մելինե Ասրյան