Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.10.2019
Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ 2019Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
![](images/085.jpg)
Ս.թ. հոկտեմբերի 8-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ ֆիզիկայի ոլորտում 2019թ. Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարվա մրցանակը կիսեցին շվեյցարացի աստղագետներ Միշել Մայորն ու Դիդիե Քելոսը Արեգակի տեսակի աստղի շուրջն առաջին արտարեգակնային մոլորակի (էքզոմոլորակի) հայտնաբերման համար, և ամերիկացի տիեզերաբան Ջեյմս Փիբլսը ֆիզիկական տիեզերաբանության մեջ տեսական հայտնագործությունների համար։
Միշել Մայորը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիրն է (2010թ.): Ներկայումս նա հանդիսանում է այդ մրցանակի միջազգային հանձնաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության անդամ: Նա սեմինարներով և դասախոսություններով հանդես է եկել Հայաստանում կազմակերպված տարբեր գիտաժողովներում և երիտասարդական ամառային դպրոցներում։ Բացի Համբարձումյանի անվան մրցանակից Միշել Մայորն արժանացել է Այնշտայնի մեդալի (2004), Բալզանի միջազգային մրցանակի (2000), աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի (2005) և մի շարք այլ բարձր պարգևների։
Մելինե Ասրյան