Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.10.2019
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԱՅՑԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հյուրընկալվեցին «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադային (Հունգարիայի` Կեսթհեյ) մասնակցած Հայաստանի թիմը, թիմի ղեկավարներ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և Վարդգես Մամբրեյանը, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ողջունեցին աշակերտներին իրենց ձեռքբերումների և Հայաստանը միջազգային հարթակում լավ ներկայացնելու համար: Նրանց ոգևորելու և գիտելիքներն ամրապնդելու համար թիմի մասնակիցներին նվիրեցին մասնագիտական գրքեր:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունն օլիմպիադային ներկայացել էր 5 դպրոցականներից կազմված թիմով: Արդյունքում մեր դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալ էին նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան), Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Բրոնզե մեդալի էին արժանացել Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան): Օլիմպիադայի ընթացքում անցկացվել էր նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես էին եկել տարբեր թիմերի կազմում: Թիմը, որում հանդես էր եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել էր առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Չնայած «Աստղագիտություն»-ը դպրոցական ծրագրի առանձին առարկա չէ՝ այս առարկայի օլիմպիադայի մասնակիցներն ամենից մեծ հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում: Կրկին շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։Կրկին շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։
Մելինե Ասրյան
![](images/084_1.jpg)
![](images/084_2.jpg)
![](images/084_3.jpg)