Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 16-20-ը Երևանում են ընթանում գիտական երկու միջազգային գիտաժողովներ՝ «Կոմպակտ սպիտակ թզուկ կրկնակիներ» և «Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկան և ռելատիվիստական գրավիտացիա»:
«Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկան և ռելատիվիստական գրավիտացիա» գիտաժողովը նվիրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Այն անցկացվում է արդեն 5-րդ անգամ՝ նպատակ ունենալով միավորել մարդկանց, ովքեր զբաղվում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ կոմպակտ աստղերի, խիտ նյութերի ֆիզիկայի/պինդ մարմնի ֆիզիկայի, ձգողականության և տիեզերագիտության ուսումնասիրությամբ: Նախորդ 4 գիտաժողովներն անցկացվել են 2008, 2013, 2015 և 2017 թվականներին: Կազմակերպիչներն են պրոֆ․ Արմեն Սեդրակյանը (Գերմանիա) և պրոֆ․ Արամ Սահարյանը (ԵՊՀ, Հայաստան):
Ինչ վերաբերում է «Կոմպակտ սպիտակ թզուկ կրկնակիներ» (Compact White Dwarf Binaries) գիտաժողովին, այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում են 60 գիտնականներ շուրջ 20 երկրներից, ովքեր ներկայացնում են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Քեմբրիջի, Շեֆիլդի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Գիտաժողովի կազմակերպիչն է Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանը:
Մելինե Ասրյան