Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.09.2019
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 18-ին Աստղագիտության օրվան և Վ. Համբարձումյանի ծննդյան 111-ամյա տարեդարձին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է օրվա նշականության և անցկացվելիք միջոցառումների մասին: Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է, որը ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2009թ-ից ի վեր Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր: Բյուրականի աստղադիտարանում օրը լինելու է տոնական. վաղ առավոտյան անցկացվելու են արդեն ավանդույթ դարձած համբարձումյանական ընթերցումները, իսկ երեկոյան բաց երկնքի տակ՝ «Վ. Համբարձումյանը և աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով հանրային դասախոսություն: Միջոցառման մասին առավել մանրամասն՝ https://www.facebook.com/events/688654261609034/:
Մամուլի ասուլիսի ընթացքում ԲԱ տնօրենն անդրադարձել է նաև Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումներին և սեպտեմբեր ամսին Բյուրականի աստղադիտարանում կայացած գիտական նշանակություն ունեցող միջոցառումներին՝ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց», «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մ. Առաքելյանի 90-ամյակին, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողով:
Մելինե Ասրյան