Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.09.2019
ՀՐԱԺԵՇՏ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ»-ԻՆ
Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ի փակման հանդիսավոր արարողությունը։ Ելույթով հանդես եկավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով մյուս դասախոսների հետ միասին նաև մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայականները։
ԲԱ-ն հայտնի է միջազգային աստղագիտական դպրոցների անցկացման փորձով, սակայն այս թեմայի շուրջ նմանատիպ միջոցառում կազմակերպվում էր առաջին անգամ։ Դպրոցի ծրագիրը բավականին հագեցած էր։ 4 օրերի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին դասախոսություններ ՀՀ մի շարք պաշտոնյաների, ոլորտի հայ և օտարազգի մասնագետների կողմից։
Դպրոցի կազմկոմիտեի քարտուղար Նաիրա Ազատյանը նշում է. «Այս տարի Բյուրականի աստղադիտարանն առաջին անգամ կազմակերպեց Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների թեմայով ամառային դպրոց, և կարելի է արձանագրել, որ դպրոցը հաջողվեց, ինչը նշանակում է՝ այն կլինի շարունակական։ «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ը նպատակ ունի այս ոլորտում Բյուրականի աստղադիտարանը դարձնել առաջատարը Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս դպրոցի մասնակիցներին տեղեկանալ վերջին նորություններին ոլորտի լավագույն մասնագետների դասախոսությունների և պրակտիկ պարապմունքների միջոցով։ Նմանատիպ դասընթացները կարող են դրական մեծ ազդեցություն ունենալ երիտասարդների հետագա մասնագիտական զարգացման համար»։
Մելինե Ասրյան