Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.08.2019
ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը թևակոխել է ավարտական փուլ։ Արդեն իսկ թվայնացված է աստղագիտական թիթեղների և ժապավենների զգալի մի մաս, ինչը թե՛ հեշտացնում է դրանց պահպանումը և թե՛ հնարավոր դարձնում կիրառությունը նոր հետազոտությունների և հայտնագործությունների իրականացման գործընթացում։
Նախագիծն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և այս ամենի հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակմանը։
ԲԱ դիտողական արխիվը համարվում է աշխարհի խոշորագույն աստղագիտական պահոցներից մեկը։ Այսօր ԲԱ արխիվում պահպանվում է 37,500 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ, սակայն նախկին դիտողական և տեղեկատվության գրանցման եղանակների պատճառով ներկայումս դրանք հասանելի չեն գիտական լայն շրջանակներին և չեն կարող օգտագործվել նոր խնդիրների լուծման նպատակով: Թվայնացման ծրագիրն ուղղված է այս համալիր խնդիրների լուծմանը։
Հարկ է նշել, որ վերոնշյալ դիտողական աշխատանքների և Վիկտոր Համբարձումյանի հանճարեղ գաղափարների շնորհիվ ԲԱ-ն 2013թ–ին ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է որպես Ազգային արժեք։
Մելինե Ասրյան