Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.07.2019
ԱՍՏՂԱԹԱՓ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ
ՊԵՐՍԵԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔԸ
![](images/065.jpg)
Ս. թ. օգոստոսի 10, 11, 12-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում կարող եք մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը, որը կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան կարող եք կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ:
Իսկ ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:
Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:
Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում:
Մելինե Ասրյան