Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.07.2019
ՔՎԱԶԱՐՆԵՐԻ ՆՈՒՐԲ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԱԿՏԻՎ ԳԱԼԱԿՏԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի աշխատակիցները Սլոանի երկնքի թվային շրջահայության (Sloan Digital Sky Survey, SDSS) սպեկտրադիտական տվյալների հիման վրա առաջին անգամ իրականացրել են քվազարների (QSO) առաքման գծերի սպեկտրների նուրբ դասակարգում։
Գիտական խմբի կազմում են Արեգ Միքայելյանը (ղեկավար), Հայկ Աբրահամյանը, Գուրգեն Պարոնյանը և Գոռ Միքայելյանը։ Շուրջ 800 քվազարների սպեկտրներ դասակարգվել են ակտիվ գալակտիկական միջուկների (AGN)` մասնավորապես Սեյֆերտի (Sy) տիպի գալակտիկաների առաքման գծերի դասակարգման սկզբունքով` հաշվի առնելով լայն և նեղ գծերի ինտենսիվությունների հարաբերակցությունը և հատկապես առանձնացնելով նեղ գծերով օբյեկտները, որոնց մոտ դիտվում են նաև երկաթի առաքման գծեր (FeII) և փափուկ ռենտգենյան ճառագայթում։ Նոր դասակարգումը ցույց է տալիս, որ շատ QSO-ներ նույն հատկանիշներն են ցուցաբերում, ինչպես Սեյֆերտները, այսինքն` ինչպես Sy1-երի և Sy2-ների միջև կան ենթադասեր (Sy1.2, Sy1.5, Sy1.8, Sy1.9), քվազարների դեպքում նույնպես նկատվում են համապատասխան ենթադասերը (QSO1.2, QSO1.5, QSO1.8): Այսպիսով, անկախ լուսատվությունից (որը ծառայում է որպես QSO-ների և Սեյֆերտների միջև սահման) AGN-ները նույն հատկանիշներն են ցուցաբերում: Նեղ գծերով քվազարները նշանակվում են NLQSO, որը նման է Սեյֆերտների նշանակմանը (NLS1)։ Այսպիսով, QSO-ների ենթադասերը Սեյֆերտների հետ միասին թույլ են տալիս հետևել AGN-ների հատկություններին ավելի մեծ կարմիր շեղումների տիրույթում` AGN-ների էվոլյուցիայի մասին ընդլայնելով մեր գիտելիքները ավելի հեռավոր Տիեզերքում:
Աշխատանքը զեկուցվել է Եվրոպական աստղագիտական ընկերության Ֆրանսիայի Լիոն քաղաքում վերջերս կայացած համագումարում` «Քվազարները տիեզերաբանության մեջ» գիտաժողովում (https://eas.unige.ch/EWASS2019/session.jsp?id=S2)։
Մելինե Ասրյան