Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.07.2019
ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՎԱՅՐԷՋՔԸ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ (ԼՈՒՍՆԷՋՔ 50)
Ս.թ. հուլիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում նշվեց Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Մարդկության պատմության այս կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառումը Հայաստանին Միջազգային աստղագիտական միության՝ Լուսնին նվիրված միջոցառումների արշավի մասնակիցը դարձրեց:
Բյուրականի աստղադիտարանի մեծաթիվ այցելուները մասնակցեցին թեմատիկ ֆոտոցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացումն իրականացրեց լուսանկարների հեղինակ Վարդան Պետրոսյանը, ով այցելուներին պատմեց նկարների մասին ու պատասխանեց նրանց հարցերին: Այնուհետև աստղադիտարանի այցելուներն ունկնդրեցին դասախոսություն ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից: Դասախոսությունը նախատեսվածից ավելի երկար տևեց, քանի որ մասնակիցները դրսևորեցին մեծ հետաքրքրություն՝ տալով տարաբնույթ հարցեր:
Ուշ երեկո սկսվեցին գիշերային երկնքի դիտումները, ինչը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Այցելուների մեծ քանակի պատճառով դիտումներն իրականացվեցին երկու աստղադիտակի միջոցով:
Մելինե Ասրյան