Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.07.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ 6-ՐԴ ԳԻՏԱՃԱՄԲԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս. թ. հուլիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում ամփոփվեցին Բյուրականյան 6-րդ գիտաճամբարի արդյունքները:
Գիտաճամբարին, որն անցկացվեց հուլիսի 7-12-ին Բյուրականի աստղադիտարանում, մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի 10-14 տարեկան 31 շնորհալի երեխաներ, ովքեր անցել էին խիստ ընտրության փուլ:
Գիտաճամբարի ծրագիրը, ինչպես ամեն տարի, շատ հագեցած էր և մշակված էր այնպես, որ երեխաները համատեղեին հաճելի ժամանցը նոր գիտելիքների ու հմտությունների հետ: Այս 6 օրերի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու աստղագիտության թեմայով ինտերակտիվ դասերի, դիտումների, զբաղվելու մարզական խաղերով, անգլերենի ու մշակույթի պարապմունքներով, ինչպես նաև այլ շատ հետաքրքիր զբաղմունքներով: Աստղագիտության վերաբերյալ դասընթացները վարում էին հայ աստղագետներ Արեգ Միքայելյանը, Մարիետա Գյուլզադյանի, Գրիգոր Բրուտեանը և այլոք:
Բացի այդ, երեխաները հանդիպումներ ունեցան ժամանակակից հայ գրողներ Ռազմիկ Դավոյանի և Սամվել Դավթյանի հետ:
Ինչ վերաբերում է ազատ ժամանցին, ապա երեխաների համար կազմակերպվել էին այցելություններ Տեղերի վանք, Աղձք, Ամբերդ, Օշական և այլ վայրեր:
Նշենք, որ գիտաճամբարի կազմակերպիչներն էին Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), իսկ համակարգողն էր ՄԱՄ աստղագիտության հանրայնացման հայաստանյան համակարգող Սոնա Ֆարմանյանը:
Գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից:
Մելինե Ասրյան