Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.07.2019
ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆ
Ս. թ. հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կայացավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 20-ամյակին նվիրված տոնակատարությունը:
Միջոցառումն ուներ բավականին հագեցած ծրագիր: Ելույթով հանդես եկավ ԲԱ տնօրեն, ՀԱԸ գործող նախագահ Արեգ Միքայելյանը և ամփոփեց ՀԱԸ գործունեության 20 տարին: Այնուհետև ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը ներկայացրեց աստղագիտական ընկերության այն անդամների շնորհավորական ուղերձները (տեսաուղերձներ, նամակներ), ովքեր չէին կարողացել ներկա գտնվել միջոցառմանը: Նրանց թվում էին հայտնի գիտնականներ Բրենթ Թալլին (ԱՄՆ), Հրանտ Թովմասյանը (Մեքսիկա), Մագդա Ստավինսկին (Ռումինիա), Դավիթ Մկրտչյանը (Թաիլանդ), Արմեն Սեդրակյանը (Գերմանիա), Բերնարդ Բրանդլը (Նիդերլանդներ) և Իգոր Չիլինգարյանը (ԱՄՆ)։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պատվոգրերի հանձնման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես ՀԱԸ անդամներ և ԲԱ այլ գիտաշխատողներ, այնպես էլ ԵՊՀ Ընդհանուր ֆիզիկայի և ատղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, նույնպես ՀԱԸ անդամ Էմիլիա Կարապետյանը:
ՀԱԸ-ը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ-ին և պաշտոնապես գրանցվել 2001թ-ին (https://www.aras.am):
ՀԱԸ-ի նպատակն է Հայաստանում զարգացնել աստղագիտությունը, Հայաստանի և արտասահմանյան աստղագիտական կառույցների միջև խթանել համագործակցությունը, հայ և օտարազգի աստղագետների միջև ամրապնդել կապերը, նպաստել Հայաստանում աստղագիտական կրթության զարգացմանն ու գիտության հանրայնացմանը:
Մելինե Ասրյան