Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 04.07.2019
ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՄԱՐԴՈՒ ՎԱՅՐԷՋՔԻ 50-ԱՄՅԱԿՆ Է
2019թ. hուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր պատրաստվում է նշել Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ, ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն:
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն անմասն չի մնում այս մեծ իրադարձությունից և նույնպես նախատեսում է ծրագիր՝ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության՝ Լուսնին նվիրված միջոցառումների արշավի մասը դարձնելով՝ https://bit.ly/2FQx5dy:
Ծրագրի մասին կարող եք իմանալ՝ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:
Այժմ հակիրճ «Ապոլոն 11» ծրագրի մասին
50 տարի առաջ՝ 1969թ-ի հուլիսի 20-ին, մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:
ՆԱՍԱ-ն իր «Ապոլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին: Նիլ Արմսթրոնգն (ամերիկացի տիեզերագնաց, ռազմածովային օդաչու) առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով կանգնեց մակերևույթին, հենց այդ պահին հնչեցին երկրային մարդու առաջին բառերը.
«Սա մի փոքր քայլ էր մարդու համար, բայց մի մեծ ցատկ ողջ մարդկության համար»:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անհրաժեշտ էր ամուր և զգույշ կանգնել ոտքերի վրա, որովհետև Lուսնի շատ փոքր ձգողականության պատճառով քայլելը չափազանց դժվար էր, իսկ ընկնելու հավանականությունը՝ մեծ։
Լուսնի մակերևույթի վրա անցկացնելով մոտ 2 ժամ՝ աստղագնացները հավաքեցին 22կգ լուսնային նյութեր Երկիր բերելու համար: Նրանք Լուսնի վրա տեղադրեցին ԱՄՆ դրոշը, սեյսմաչափ և այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի ճշգրիտ չափել Երկրից Լուսին հեռավորությունը:
Հուլիսի 24-ին անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ հաշվարկային կետից 24կմ հեռավորության վրա:
Մելինե Ասրյան