Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.06.2019
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԼԻՈՆՈՒՄ
Ս. թ. հունիսի 24-28-ին Լիոնի (Ֆրանսիա) 3-րդ համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարը (EWASS-2019): Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ, EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 26 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS)։ ԵԱԸ-ն յուրաքանչյուր տարի համագումար է անցկացնում եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ ՀԱԸ-ն ստեղծվել է 1999թ․-ին և ներկայումս միավորում է 100 անդամ։ 2007-ին ՀԱԸ Երևանում ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ԵՊՀ հետ կազմակերպել է ԵԱԸ հերթական տարեկան համագումարը, ինչը Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր գիտական միջոցառումն էր։
EWASS-2019 համագումարին ներկա էր 1175 մասնակից։ Հայաստանից մասնակցում էին ՀԱԸ գործադիր նախագահ և ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ԲԱ առաջատար գիտաշխատակից Տիգրան Մովսիսյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատակից Հասմիկ Անդրեասյանը, ինչպես նաև հայ աստղագետ Գոռ Հովհաննիսյանն Իտալիայից: Արեգ Միքայելյանը գիտաժողովում ներկայացրեց զեկուցում «Քվազարները տիեզերաբանության մեջ» և 2 գիտապաստառ, ինչպես նաև մասնակցեց ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների խորհրդակցությանը։ Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց զեկուցումներ «Տիեզերաբանությունը և բազմասուրհանդակ աստղաֆիզիկան գամմա-ալիքային պայթյունների միջոցով» գիտաժողովում և «Գամմա-ճառագայթային բռնկումներ, էներգետիկական գերնորեր և կոմպակտ օբյեկտների մերջերներ» նստաշրջանում։ Մյուս հայ աստղագետները ներկայացրեցին գիտապաստառներ։
EWASS-2020-ը տեղի կունենա 2020թ․ հունիս-հուլիս ամիսներին Նիդերլանդների Լայդեն քաղաքում։
Մելինե Ասրյան